
Առաջին ճառագայթը այգում
Կիրակի առավոտ էր։ Սովորաբար այդ ժամին ես դեռ քնած կլինեի ու երազում երևի ինչ-որ համով բան կուտեի, բայց այդ օրը մայրիկս որոշել էր գնամ դուրս մաքուր օդ շնչեմ։ Այդպես ես կիսաքնած հայտնվեցի այգում։
Սկզբում ամեն ինչ սովորական էր թվում։ Մի քանի մարդ քայլում էին, թռչունները աղմկում էին իրենց գործերով, իսկ ես փորձում էի հասկանալ՝ինչու եմ այսքան շուտ արթուն։ Բայց հետո արևի առաջին ճառագայթը երևաց։
Միանգամից ամբողջ այգին փոխվեց։ Ծառերի տերևները փայլեցին, նստարանները տաքացան, նույնիսկ շատ սովորական խոտը գեղեցիկ էր թվում։ Մի փոքրիկ տղա հեծանիվ էր քշում ու այնքան արագ էր անցնում կարծես մրցույթի մասնակցեր։ Նրա հետևից հայրիկն էր վազում ու ամեն մի րոպե հետո ասում էր.
— Կամաաաց։
Բայց տղան հաստատ չէր լսում։
Մի կողմում մի տատիկ աղավնիներին հաց էր տալիս։ Աղավնիներն էլ այնպես էին կռվում հացի համար կարծես ամբողջ կյանքում առաջին անգամ էին ուտելիք տեսել։ Մեկն էլ այնքան էր մոտեցել տատիկին, որ ինքը ծիծաղելով ասաց․
— Վայ, էս մեկն արդեն ընկերացավ հետս։
Այգու ամենազվարճալի մասը շունն էր։ Փոքրիկ, սպիտակ, շատ փափուկ շուն էր, որը իր գնդակի հետևից վազում էր, բայց ամեն անգամ գնդակին հասնելու փոխարեն սայթաքում էր խոտի վրա։ Տերը ծիծաղում էր, մարդիկ էլ էին ժպտում։
Ես նստեցի նստարանին ու սկսեցի նայել շուրջս։ Հանկարծ հասկացա, որ մարդիկ առավոտյան լրիվ ուրիշ են լինում։ Բոլորը ավելի հանգիստ էին, ավելի բարի։ Ոչ ոք չէր շտապում, ոչ ոք բարկացած չէր։ Նույնիսկ արևի առաջին ճառագայթը կարծես ասում էր․ «Հանգստացի, օրը նոր է սկսվում»։
Տուն վերադառնալիս արդեն չէի դժգոհում վաղ արթնանալուց։ Մի քիչ էլ մտածեցի, որ միգուցե… շատ փոքրիկ միգուցե…: առավոտները այդքան էլ վատ բան չեն։